08/06/2023 10:02
«Ժողովուրդ». Այն, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից: Սա նշանակում է, որ առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում:
Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման և սպասարկման ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում:
Վարչապետի աշխատակազմը նաև 97 հազար դրամ է ծախսել և, ընկերություններից մեկի հետ պայմանագրի հիման վրա, ձեռք է բերել չիր, սուրճ, կոնֆետներ, անձեռոցիկներ: Հարցն այստեղ ամենևին էլ գումարը չէ, այլ երևույթը: Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է»։