09/06/2023 14:52
Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել
Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել։
«Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՔԿ մամուլի խոսնակն ասաց, թե հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում։
Հիշեցնենք՝ 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն, ճանաչվել է տուժող։
Այս միջադեպից հետո համացանցում ևս մեկ դեպքի մասին հայտնի դարձավ, թե ինչպես է ՔՊ-ական պաշտոնյան 7-ամյա արցախցի երեխային թողել «չոլերում»։