09/06/2023 15:50
Եթե ծխախոտի ակցիզային հարկը կտրուկ բարձրացվի, մարդիկ կսկսեն ավելի ցածրարժեք ծխախոտ սպառել. Արման Պողոսյան
Ընդունված պրակտիկա կա, որ երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հիմնականում արտադրողներն ու ներմուծողները փորձում են դա տեղափոխել գնի մեջ, որ մնա սպառողների վրա, այլ ոչ թե այդ հարկը վճարեն իրենց շահույթների հաշվին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Նա ավելացրեց, որ նախորդ տարիներին ծխախոտի ակցիզային հարկը բարձրացվել է 15 տոկոսով, իսկ հիմա առաջարկվում է հետագա երեք տարիների համար բարձրացնել 10 տոկոսով.«Երբ գինը էականորեն բարձրանում է, շատ սպառողներ բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին՝ սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը կարող է ավելի վնասակար լինել առողջությանը: Էլ չեմ ասում, որ տնայնագործական եղանակով պատրաստված ծխախոտի արտադրանք կարող են օգտագործել»:
Հարցին, թե տարեկան որքա՞ն ծխախոտ է իրացվում Հայաստանում՝ Արման Պողոսյանը պատասխանեց.«Մեր ներքին շուկայի տարողությունը շուրջ 5 մլրդ գլանակ է տարեկան, որից մոտ կեսը ներմուծվում է, կեսը՝ արտադրվում տեղում։ Տարբեր տարիներին այդ մասնաբաժինը կարող է փոփոխվել»: