09/06/2023 12:50
Մեկնարկել է Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլը. 1-ին փուլը հաղթահարել է 5 երկրի 10 դաշնակահար
Մեկնարկել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել է 5 երկրի 10 դաշնակահար՝ Արինա Անտոնոսյան (Հայաստան), Այակա Մասեդա (Ճապոնիա), Աստղիկ Ղուկասյան (Հայաստան), Անդրեյ Կուրբետ (Հայաստան), Յուտո Կիգուջի (Ճապոնիա), Լիդա Պատուրյան (Ռուսաստան), Իսադորա Ջիին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Ֆանգջոու Ֆենգ (Չինաստան), Լև Կրավցով (Ռուսաստան), Ռուբեն Կոզին (Հայաստան-Ռուսաստան)։
Երկրորդ փուլում՝ այսօր և վաղը, յուրաքանչյուր մասնակից ժյուրիի առջև պետք է ներկայանա մենահամերգով (առավելագույն տևողությունը՝ 55 րոպե)՝ ծրագրում ներառելով Արամ Խաչատրյանի Պոեմը դաշնամուրի համար, Ռոմանտիկ դարաշրջանի մեկ մեծակտավ ստեղծագործություն, 20-րդ դարի մեկ մեծակտավ ստեղծագործություն, մյուս ստեղծագործություն(ներ)ը՝ մասնակցի ընտրությամբ:
Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։