09/06/2023 15:04
Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով
2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է նկարված լինի։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«ԵԱՏՄ կանոնակարգով՝ ծխախոտը պետք է վաճառվի վատ նկարներով։ Մի քանի ամսից գալու է հունվարի մեկը, մենք ի՞նչ ենք անելու, քանի որ ծխախոտային արտադրությունը (ինչքան էլ որ արգելված լինի ծխելը՝ բիզնես է, որն օրենքով արգելված չէ։ Մենք օրենքը փոխելո՞ւ ենք ու համապատասխանեցնենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխռեգլամենտն ու դարձնեն մերը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի», - դիմելով Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ հետաքրքրվեց Բաբկեն Թունյանը։
Թորոսյանն էլ շնորհակալություն հայտնեց հարցերի և քննարկման համար.«Ուրախ եմ, որ նման հնարավորություն կա։ Մենք թույլտվություն ունենք այդ վատ նկարները չկիրառելու, որի մասին չենք խոսում։ Մեր երկիրը ծխախոտային դրախտ ենք դարձրել»։
Թունյանն էլ ավելացրեց՝ քանի որ ժամանակ դեռ ունեն, կփորձեն հասնել նրան, որ ԵԱՏՄ-ում այդ մասով կանոնակարգը փոխվի։