09/06/2023 12:02
Չկա բավարար միջավայր այդ հանդիպումից ինչ-որ արդյունք ակնկալելու համար. Քաղաքագետը՝ ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման մասին
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի, մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումն ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ դրանից պարզ է դառնում, որ չկա բավարար միջավայր այդ հանդիպումից ինչ-որ արդյունք ակնկալելու համա, թեկուզ ոչ սկզբունքային հարցերի մասով․«Այդ հանգամանքն ակնհայտ էր նույնիսկ հրապարակային դաշտում՝ ելնելով այն հայտարարություններից, որ Ադրբեջանն անում էր վերջին օրերին՝ կապված Արցախի, սահմանահատման ու սահմանագծման գործընթացների հետ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ հանդիպման հետաձգումը, չնայած հրապարակված պատճառներին, այնուհանդերձ, պայմանավորված է քաղաքական այն իրավիճակով, որ առկա է, և կողմերի միջև եղած իրարամերժությամբ։ Կարծում եմ նաև, որ, որոշակի իմաստով, միջնորդ կողմն էլ համարում է, որ առնվազն այս շրջանը նպաստավոր չէ միջնորդությունն իրացնելու համար։ Եվ թերևս այս գործոններն են, որ բերել են հետաձգման հանրագումարային որոշման»։
Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշումները հնարավորություն չեն տալիս խոսելու ինչ-որ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին.«Առավել ևս մի փաստաթղթի, որն ի վիճակի է քիչ թե շատ առարկայորեն արտահայտել սկզբունքային համաձայնություն։ Դրա հնարավորությունը չկար նախկինում, չկա նաև այսօր։ Եվ այստեղ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները չեն, դրանից բացի՝ կա նաև աշխարհաքաղաքական խաղացողների մոտ դիրքորոշումների, ռազմավարությունների տարբերություն։ Իսկ այն, որ նրանք հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դիտարկում են իրենց ռազմավարությունների առաջմղման միջոց կամ գործիք՝ անկասկած է, և այսօրվա համաշխարհային իրավիճակում, մեղմ ասած, այդքան էլ շատ չեն համաձայնության նախադրյալները»։
Վերջերս գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ, հայկական կողմն էլ հայտարարում է, որ դա ապատեղեկատվություն է. արդյո՞ք սա այդ տարաձայնությունների հետևանք է՝ Բադալյանը նկատեց.«Դա այն իրավիճակի դրսևորումներից, հետևանքներից մեկն է, որի մասին վերևում խոսեցի։ Ադրբեջանն այդ իրավիճակը մշտապես բաց է պահում՝ ուժի կիրառման սպառնալիքով ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու համար»։