09/06/2023 21:01
Արևմուտքը փորձում է վրահաս սովի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա․ Միշուստին
Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում պարենային բոլոր խնդիրների համար, սպասվող համաշխարհային սովի պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, այնինչ դժվարությունները կապված են ապրանքների բաշխման և գնային քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական կոնգրեսի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։
Միշուստինը նշել է, որ ՄԱԿ-ը մի քանի տարի է՝ բարձրաձայնում է պարենային շուկայում իրավիճակի վատթարացման մասին, բայց այդ իրավիճակը վերջին տարվա ընթացքում էլ ավելի է սրվել՝ գների կտրուկ աճի պատճառով, ընդ որում՝ կտրուկ աճել են նաև վառելիքի ու պարարտանյութերի գները։
«Իհարկե, Արևմուտքում ընդունված է բոլոր խնդիրների մեղավոր կարգել Ռուսաստանին, վրահաս համաշխարհային սովի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ՝ ՄԱԿ-ը չի արձանագրում, որ համաշխարհային մասշտաբով ապրանքների սուր պակաս կա։ Իսկ բարդությունները պայմանավորված են, առաջին հերթին, դրանց բաշխմամբ ու գնային քաղաքականությամբ»,- ասել է ՌԴ վարչապետը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ըստ որոնց պարենային ապրանքների զամբյուղի համաշխարհային գներն աճել են գրեթե 20 տոկոսով։