09/06/2023 11:06
Գեղարքունիքում տղամարդը սպառնացել է նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին
Երեկ՝ հունիսի 8-ին, դետեկտիվ ժանրի վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan-ը հայտնում է, որ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է արել։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանություն, բղավոցներ, տղամարդկանցից մեկն ասել է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվել է։
Զանգահարողը չի հայտնել նաև, թե որտեղից է ահազանգել։ Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանել է մի կին և հայտնել, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանները, սակայն, այդ կնոջ հայտնածը, ժողովրդի լեզվով ասած՝ «հալած յուղի տեղ» չեն ընդունել։
Կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից և տեղեկությունը հայտնել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։
Տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տնից։
Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։