09/06/2023 10:13
«Ժողովուրդ». Ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը, որն այսօր չի գործում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի հրամանով՝ ստեղծվել է «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով»՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։
Իսկ ո՞րն է պատճառը. նախ՝ նշենք, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված են բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ), բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և այլք։
Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու համար նախ դիմեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ, հենվելով օրենքի ու որոշումների կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր, ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին եզրակացություն տալիս: Եթե հայտը համապատասխանում է, ապա այն ճանաչվում է բարեգործական։
Այս հանձնաժողովի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում էր Վարագ Սիսեռյանը՝ լինելով փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նրա՝ 2020 թվականին պաշտոնից և ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումից հետո այս հանձնաժողովն այլևս չի գործում։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում պաշտոնական փաստաթղթերը»։