09/06/2023 19:13
«Տոկիոն Մոսկվայի հետ հարաբերությունները մղում է դեպի վտանգավոր փակուղի»․ Ճապոնիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոզուկին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Ճապոնիայի կողմից Ուկրաինային ռազմատեխնիկա մատակարարելու որոշման կապակցությամբ պարզաբանումներ ներկայացնելու։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու Ճապոնիայի որոշումը չի կարող լուրջ հետևանքներ չթողնել Մոսկվայի և Տոկիոյի միջև հարաբերությունների վրա։ Տոկիոն իր այս որոշմամբ երկկողմ հարաբերություններն էլ ավելի է մղում դեպի վտանգավոր փակուղի։ Նման գործողությունները չեն կարող մնալ առանց լուրջ հետևանքների»։
Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ճապոնական կողմին զգուշացվել է, որ այս քայլը կհանգեցնի ռազմական գործողությունների սրման ու մարդկային զոհերի աճի։
«Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմը պետք է պատրաստ լինի նրա հետ կիսել պատասխանատվությունը Կիևին տրամադրված զինտեխնիկան ակտիվորեն կիրառող ուկրաինացի ահաբեկիչների հանցավոր գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան համար, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։