10/06/2023 14:56
«Հայաքվեն» ուղղակի ստորագրահավաք չէ. Արամ Օրբելյանը մանրամասներ ներկայացրեց (Տեսանյութ)
«Հայաքվեն» ուղղակի ստորագրահավաք չէ, քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Արամ Օրբելյանը՝ մանրամասներ ներկայացնելով ընթացակարգից։
«Խոսքը քաղաքացիական նախաձեռնության մասին է, որպես օրենսդրական պարտադիր գործընթացի մաս։ Այսինքն՝ հենց 50 հազար ստորագրություն վավերացվի և հաստատվի, որ կա, դա դառնում է պաշտոնական օրենքի նախագիծ», - ասաց Օրբելյանը՝ նշելով, թե նախագիծն իրականություն դառնալու ընթացքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ քաղաքացիները դառնալու են օրենսդրական նախագծի հեղինակ։
«Գործընթացին կարող է մասնակցել ով ցանկանա. մենք չենք կարող որևէ մեկին ասել, թե դուք մի աջակցեք կամ մի խոսեք մեր նախաձեռնության մասին։ Հետևաբար, այն լինելով քաղաքացիական նախաձեռնություն, ամբողջական ներառական է և չի սահմանափակվում ինչ-որ խմբային պատկանելությամբ։ Սա ՀՀ քաղաքացիների իշխանության իրացման գործիք է», - մանրամասնեց Արամ Օրբելյանը։
Ստորագրությունները, ըստ Օրբելյանի, կարող են իրականացվել տեղում կամ էլեկտրոնային եղանակով։
«Էլեկտրոնային եղանակով ստորագրությունները կարող են լինել ID քարտով, մոբայլ եղանակով, ձևն առաջիկայում կներկայացնենք։ Տեղում ստորագրությունները հավաքվում ու կազմակերպվում են ՀՀ տարածքում գործող համայնքապետարաններում, եթե խոշորացված համայնքներ են՝ վարչական ղեկավարի նստավայրում, Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, մարզպետարաններում, նոտարական գրասենյակներում», - տեղեկացրեց Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հայտարարել էր, թե ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով քայլ է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
Նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ սկսում են գործընթաց՝ Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով. քաղաքացիների աջակցությունն է պետք։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։