10/06/2023 10:47
«Հրապարակ». Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երևանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունները, ըստ ամենայնի, կնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով. «Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում, և այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը դեռ վերջնական չէ, քննարկում են նաև սեպտեմբերի 10-ը, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երևանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ Երևանի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրություններից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Իսկ թեկնածուների գրանցումից հետո՝ վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը սկսվելու է թեկնածուների քարոզարշավը։ Այսինքն՝ օգոստոսի 23-ից կսկսվի քարոզարշավը, մինչդեռ սեպտեմբերի 10-ին ընտրություն անելու դեպքում կսկսվի օգոստոսի 13-ից»։