10/06/2023 19:39
Բելառուսը դժգոհում է՝ սահմանակից երկրները դեպի իր տարածք են ուղղորդում փախստականներին, սահմանին են թողնում նրանց դիերը
Բելառուսի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Լիտվայի հետ սահմանին հայտնաբերել է օտարերկրացի միգրանտի՝ ծեծված վիճակում։ Նա հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել լիտվացի սահմանապահները և քշել դեպի բելառուսական տարածք։
«Հունիսի 9-ին Լիտվայի հետ սահմանին բելառուս սահմանապահները հայտնաբերել են փախստականի, ով բուժօգնության կարիք է ունեցել։ Նա հայտնել է, որ իրեն բռնել են Լիտվայի տարածքում, անտեսել են օգնություն, պաշտպանություն ու ապաստարան տրամադրելու իր խնդրանքները, ապա 4 զինծառայողներ ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել զենքով ու կիրառել էլեկտրաշոկեր»,- նշված է բելառուսական սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։
Ըստ բելառուսական կողմի, փախստականի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո լիտվական կողմը նրան ստիպել է Բելառուսի տարածք անցնել՝ հատելով գետը։
Նշենք, որ պաշտոնական Մինսկը բազմիցս հայտարարել է, որ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ուժայինները պարբերաբար դեպի բելառուսական կողմ են ուղղորդում միգրանտների, բացի այդ, սահմանին են թողնում մահացած փախստականների մարմինները։ Բելառուսական կողմի տվյալներով՝ այս տարվա ընթացքում ԵՄ-ին սահմանակից երկրների հետ սահմանին երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիների դիեր են հայտնաբերվել, նրանք փորձել էին անցնել ԵՄ տարածք։