11/06/2023 22:02
«Բոլոր հնարավորություններն ունեցել եմ իմ զավակների հետ լքելու ՀՀ-ն և Սեյրան Օհանյանին թողնեմ՝ իր դարդերով տապակվի». Ռուզաննա Խաչատրյան
Aravot.am-ը գրում է.
«Իմ աշխարհայացքը, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը մինչև Սեյրան Օհանյանի հետ հանդիպումն է կայացել և Սեյրան Օհանյանը՝ իմ կողքը կանգնելով, լրացրել է այն ամենը, որը ես կրում եմ: Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը երբևիցե կխանգարի մեզ, ինքը չի կարող, իր մարդկային տեսակն այդպիսին չէ: Եթե դա հանուն հայրենիքի է, ինքը շատ լավ հասկանում է՝ ես ի՞նչ վտանգի մեջ եմ հայտնվում, բայց դա իմ ընտրությունն է»,- այսօր, Գյումրիում, «Կանայք հանուն համազգային միասնության» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ իր ամուսինը ողջունո՞ւմ է իր նախաձեռնությունը, կաջակցի՞ իրեն:
Պատասխանելով ընդդիմադիր ուժերի գործունեության մասին հարցին էլ, տիկին Խաչատրյանը պատասխանեց, որ ընդդիմադիր բոլոր նախաձեռնությունները եւ շարժումները իշխանությունները փորձել են ճնշել եւ այդ ամենը իր ընտանիքն անընդհատ զգացել է իր մաշկի վրա:
«Իշխանության անբարոյականությունն իմ ընտանիքի, իմ հանդեպ, ես զգացել եմ»,- հայտարարեց Ռուզաննա Խաչատրյանը՝ հիշելով պատերազմական շրջանից մի դրվագ, երբ ամուսինը՝ Սեյրան Օհանյանը, մարտի դաշտում էր, մի քանի անգամ փորձ է արվել իրեն կալանավորել՝ իբրեւ անօրինական ձեռք բերված գույք մի բնակարանի համար: Ինչ վերաբերվում է իշխանության նախաձեռնած խաղաղության գործընթացին, Ռուզաննա Խաչատրյանն ասաց. «Խաղաղությունը սպիտակ դրոշով չի, որ քեզ էլ թուրքն ասի՝ սպիտակ դրոշը պարզել է, խաղաղությունը մեր բանակն էր պարտադրել, որի հրամանատարը եղել Սեյրան Օհանյանը: Ես նաեւ կրել եմ այդ փառքն ու պատիվը իր հետ՝ իր կողակիցը լինելով: Որեւէ խաղաղություն, մեզ Աննա Հակոբյանը եւ իր ամուսինը չեն բերելու: Աննա Հակոբյանը մեղադրում էր Գայանե Հակոբյանին, որ իր տղային առեւանգել է: Մենք ասում էինք՝ խափանման միջոցը ծանրագույն է եւ դուք իրավունք չունեք, այդպիսի ծայրահեղ քայլերի գնաք այդպիսի հոգեկան ծանր ցնցումներ ապրած մարդու նկատմամբ: Դրանից հետո դատարանը տնային կալանք տվեց եւ մենք տեսանք, թե ինչպես Աննա Հակոբյանի որդին եկավ ու ցուցմունք տվեց, որ այդ ծանր հանցագործության համար, չի կարող այդ կինը տնային կալանք կրել. մեկ օր հետո, նորից տեսանք, որ ինքն ընդունում է մեղքը, կարող է ազատ արձակվել …ես ուրախ եմ, որ Գայանե Հակոբյանն ազատության մեջ է, ցանկանում եմ, որ շատ առողջ եւ երկար տարիներ իր տղայի փառքով եւ բոլորիս օրհնությամբ ապրի, բայց մենք տեսանք, առնչվեցինք Աննա Հակոբյանի եւ իր ամուսնու իրավական դաշտի հետ: Այսինքն, եթե ուզեմ՝ կկալանավորվես: Իս ո՞վ գիտի, ի՞նչ է քաշել այդ կինը կալանքի վայրում եւ ի՞նչ հանգամանքներում ասաց՝ ընդունում է մեղքը. ես չգիտեմ, չեմ էլ ուզում խորանալ այդ ամենի մեջ: Ինձ համար անհանգստություն է այս տարանջատումը զոհվածների ծնողների մեջ էլ. մեկի հետ գնում՝ նկարվում է, մյուսն ասում է՝ եկավ իմ միջոցառմանը… Ես համազգային միասնության կոչ եմ անում: Պայքարի կոչ է դա: Հավատացեք ինձ՝ գոյաբանական վտանգի առաջ է կանգնած մեր պետությունը: Ես, բոլոր հնարավորություններն ունեցել եմ իմ զավակների հետ լքելու ՀՀ-ն եւ Սեյրան Օհանյանին թողնեմ՝ իր դարդերով տապակվի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։