12/06/2023 12:16
Մենք ուզում ենք ապացուցել, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը. «Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ (Տեսանյութ)
«Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ։ Նախաձեռնությունը հավաքել է ԿԸՀ-ի համար նախատեսված փաթեթը, այն ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով։
Հիշեցնենք՝ «Հայաքվեն» առաջարկում է քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն։
«Եթե ԿԸՀ-ն 10 օրվա ընթացքում դրական պատասխան տա, ապա ստորագրահավաքը կսկսվի մոտ 10 օրից», - լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Հարցին, թե այս գործընթացը կկասեցնի՞ բանակցությունների այն ընթացքը, որն այսօր իշխանությունները տանում են՝ Չալաբյանը պատասխանեց.
«Մենք չենք կարծում, որ առանձին վերցրած մի որևէ գործողություն կարող է մեր պատմության ընթացքը փոխել։ Համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախումբ և՛ ռազմական ոլորտում, և՛ քաղաքական ոլորտում, և քաղաքացիական անհնազանդության ոլորտում։ Դրանք բոլորը միասնականության մեջ է պետք դիտարկել։ Այսօր գալով այստեղ և ներկայացնելով այս դիմումը, բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է իրականացնի, որպեսզի կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բայց դա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել», - ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ գործողությունն իրականացվում է սահմանադրական և ժողովրդավարական դաշտում.
«Սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հաաստանում երբևիցե չի կիրառվել։ Եվ մենք ուզում ենք ապացուցել մեր բնակչությանը, իշխանություններին և նրանց արտասահմանյան հովանավորներին, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը»։