12/06/2023 15:04
Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ. ՊՆ-ի արձագանքը՝ պատգամավորի գրառմանը
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր հարց էր բարձրացրել՝ ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք. «Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա: Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքներին առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավելի տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա: Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի գրառմանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց.«Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են (առողջական վիճակով պայմանավորված) կանչվելու վարժական հավաքների:
Ձեր հարցի առնչությամբ նշեմ, որ, այդ առումով, սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված այն անձանց համար, որոնք կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ»: