12/06/2023 14:47
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը ժամանակավորապես կասեցվել է, Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՔԿ մամուլի խոսնակը նշեց, որ նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։
«Այդ հիմքով կայացվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու դատավարական որոշում», - հավելեց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։
Նույն հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Նրան երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: