12/06/2023 10:48
Երբ դիպլոմ ստանալուց առաջ ՊՆ-ն վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, դա վկայում է, որ խնդիրը ոչ թե առաջնահերթություններն են, այլ պլան կատարելը
Վարժական հավաքների կարևոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին բազմիցս եմ խոսել, սակայն դրանց առանցքային նպատակները երկրորդ պլան են մղված, նկատում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հարց է բարձրացրել՝ ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:
«Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա: Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքներին առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավելի տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա: Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:
Իսկ երբ պաշտպանության նախարարությունը համալսարանական կրթության ավարտին` դիպլոմ ստանալուց առաջ, վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը»: