12/06/2023 17:02
88-ին եղան մարդիկ, ովքեր փլատակներից դուրս էին գալիս, հարցնում՝ Արցախին հո բան չի՞ եղել, հիմա այդ նույն Գյումրիում ասֆալտն ավելի թանկ չի կարող գնահատվել, քան Արցախը. Արա Նախշքարյան
Նախորդ տարվա ավարտին հնարավորություն ունեցա հանդիպելու Համազգային կենտրոնական վարչության ատենապետին, անդամներին, զրույցի արդյունքում որոշվեց՝ հնարավոր չէ, որ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում չլինեն մշակութային կառույցներ, և փետրվարից Գյումրիի գրասենյակը սկսեց աշխատանքները, արդեն իսկ նախաձեռնել ենք համաքաղաքային միջոցառումներ, Aysor.am-ի հետ զրույցում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի ղեկավար Արա Նախշքարյանը։
Գրքի շնորհանդեսներից մինչև ցուցահանդեսների կազմակերպում, մտավորականների հետ հանդիպում-քննարկումների կազմակերպում․ գրասենյակը փորձում է աշխուժացնել քաղաքի մշակութային կյանքը։ Արա Նախշքարյանն ընդգծում է՝ հատկապես կարևոր է փորձել տոն օրերին հաղորդել նախկին տարիների հմայքը և դրա համար է, որ մայիսի 28-ը մեծ շուքով փորձեցին նշել։
«Հրեաները ասացվածք ունեն՝ ասում են, եթե ուզում ես հաղթել թշնամուդ, ապա նրա բոլոր տոները սգի վերածիր։ Մեր իշխանությունը, կարծեք, ամեն ինչ արեց՝ մեզ մեր տոներից զրկելու համար։ Չեմ հիշում, որ մայիսյան տոները երբևէ այսչափ անշուք նշված լինեին, ինչպես որ վերջին տարիներին»։
Նախշքարյանի գնահատմամբ՝ իշխանությունը ջանք չի խնայում խարխլելու ազգի ինքնության սյուները, դրա վկայություններից մեկը համարում է ազգային հերոսի՝ Մ. Մելքոնյանի դեմ տարվող արշավը չկասեցնելը։
«Տևական ժամանակ է՝ սոցիալական ցանցերում Ավոյի անունը գրելը հանգեցնում է օգտատիրոջ արգելափակման, ֆեյսբուքի ադմինիստրացիան Ավոյին համարում է ահաբեկիչ։ Ես 2010 թվականից Մ. Մելքոնյանի մասին գրառումներ եմ անում, ինչպե՞ս է որ այդ տարիներին ադմինիստրացին Ավոյին ահաբեկիչ չէր համարում։ Ես այն համոզմանն եմ, որ իշխանությունը նպատակադրված ոչինչ չի անում Ավոյի դեմ տարվող արշավը կասեցնելու համար, որովհետև այս իշխանությունը մի խնդիր ունի՝ հաճոյանալ օտարներին՝ ամեն գնով»։
Նախշքարյանը համարում է, որ օտարներին ամեն գնով սպասարկելու մոլուցքով է, որ իշխանությունն օր առաջ ուզում է հրաժարվել Արցախից։
«1988 թվականի երկրաշարժին գյումրեցիներն իրենց ցավի մեջ էլ ջոկատներ կազմեցին, գնացին Արցախ։ Դեպքեր եղան, երբ փլատակների տակից մարդ էր դուրս գալիս, հարցնում էր՝ հո Արցախին բան չի՞ եղել։ Հիմա ինչպե՞ս է, որ նույն Գյումրիում կարող են լինել մարդիկ, որ ասֆալտն ավելի կարևորեն, քան Արցախը։ Մեր հայրենիքի չքնաղ հատվածի՝ Արցախի հանդեպ բացասական ընկալումները ներդրված են ռեսուրսներ ունեցող մարդկանց, խմբերի ջանքերով»։
Նախշքարյանը ցավով ընդգծում է՝ այս օրերին չի տեսնում 90-ականների՝ պայքարով լցված, վառվռուն աչքերով մարդկանց։
«Տխուր ժամանակներ են, չեմ տեսնում պայքարող գյումրեցու այն տեսակը, որ միշտ ենք տեսել։ Գյումրին միշտ եղել է ընդդիմադիր քաղաք, ասոցացնել գործող իշխանության հաջողությունը Գյումրիից սկսած քայլարշավի հետ՝ ճիշտ չեմ համարում։ Այնպես չէ, որ 2018 թ. բոլոր գյումրեցիները ծաղիկներով դիմավորեցին ներկա կառավարիչներին, եղան նաև սվիններով դիմավորողներ։ Պարզապես Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկում դժգոհ էին նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից, հեղափոխության համար միջավայրը պարարտ էր թե՛ Գյումրիում, թե՛ ամբողջ երկրում»։
Նախշքարյանի գնահատմամբ՝ թեև ժամանակները ողբերգական են, բայց ազգի ինքնապահպանման բնազդը գործելու է։ «Մենք լավն էլ ունենք, վատն էլ, պարզապես լավին չենք փայփայում, իսկ ահա վատին հասցնում ենք աստղերին, այնպես, որ սկսում է կարծել, թե ինքն ամենալավն է։ Հենց լավ տեսակին փայփայենք, վատին համապատասխան գնահատական տանք և ոչ թե կուռք սարքենք, ներդաշնակությունը երկրում կվերականգնվի»։