12/06/2023 10:02
Մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր»-ում հակառակորդը տիրացել է քարտեզին և շրջափակել մարտական դիրքը
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։
40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:
Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին:
Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:
Արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում, աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից:
2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։
2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: