12/06/2023 17:59
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Չարլզ Ղայլյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը տիար Չարլզ Ղայլյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց այցի մասին՝ ուղղված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ կապերի ընդլայնմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի առաջատար բուհերի հետ համագործակցության նոր հնրավորությունների բացահայտմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց բուհերի միջև հաստատվող գործակցությունը՝ կարևոր նկատելով երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում նման նախաձեռնությունները։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ գիտության տարբեր ճյուղերի նվաճումներին հաղորդ լինելը և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ ընթանալը կարող է երաշխավորել շատ ոլորտներում երկրի առաջընթացը։
Նորին Սրբությունը ձևավորվող համագործակցությունը Հայաստանի նկատմամբ բարեկամ երկրների զորակցության ևս մեկ վկայություն նկատեց՝ հավելելով, որ հայրենիքի այս դժվարին իրավիճակում նման նախաձեռնությունները լավատեսություն են ներշնչում հայորդիներին։ Գարեգին Երկրորդ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Աստծո օրհնությամբ պատվիրակության ջանքերը և բուհերի միջև գործակցությունը բարի արդյունավորում կունենան։