12/06/2023 12:06
Ի՞նչ ձեթ ենք օգտագործում, արդյո՞ք համապատասխանում է ստանդարտներին, և որքանո՞վ է պաշտպանված սպառողը
Համացանցում տեսանյութ է տարածվել ձեթի մասին, ըստ որի, ձեթի վրա առկա է «рафинированное, дезодорированное» բառը։ Դա վկայում է այն մասին, որ մթերքը արհեստական է, դրա մեջ չկա ոչ մի օգտակար նյութ, որը ստանում են արևածաղկի սերմերից: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն նավթամթերք է։
Սա իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում։ Նրանք անհնագստացած են, թե արդյո՞ք իրենց օգտագործած ձիթայուղն էլ է անորակ ու արհեստական։
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ձեթը ԵԱՏՄ տարածքից է ներմուծվում, ապա այն ունենում է որակը հավաստող փաստաթղթեր.«Այն ունենում է որակին համապատասխան վկայական։ Այն դեպքում միայն կարելի է օգտագործել, երբ մակնշումն ու համպատասխանության վկայականը տրված են։ Իսկ եթե այն գալիս է երրորդ երկրից, ապա այստեղ դիմում են համապատասխան մարմիններին, ստանում համապատասխանության վկայական, որի ժամանակ ստուգվում է մակնշումը, լաբորատոր փորձաքննության է ենթարկվում, նոր շուկա է մտնում։ Եթե համապատասխանելիության վկայականը տրվում է, ապա դա նշանակում է, որ այն կարող է վաճառվել և օգտագործվել։ Եթե ձեթերի վրա տեսնում եք ЕАС (ԵԱՏՄ) նշանը, ուրեմն այն համապատասխանում է որակին»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ նշեց, որ արտադրողը, իրացնողը, պետական վերահսկողը հանրային վերահսկողության հետ իրավիճակի համար պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն, որպեսզի կարողանանք խոսել սպառողի պաշտպանվածության մասին.«Եթե այս օղակներից որևէ մեկը իր գործը լավ չի անում, ավտոմատ կերպով արդեն պաշտպանվածութունը թերի է լինում։ Միայն այն մեկնաբանությունը, որը ձեզ տվել է ՍԱՏՄ-ն, հերիք է հասկանալու համար, որ պետությունն ուզում է ձեռքերը լվանալ։ Քանի որ, այսպես ասած, ԵԱՏՄ նշանով շատ ապրանքների համար պետական վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է նմուշառում իրականացնի և հասկանա՝ այդ ԵԱՏՄ նշանն իսկապե՞ս ճիշտ է փակցված, թե՞ ուղղակի է։
Այսինքն՝ ԵԱՏՄ-ն դեռևս անվտանգության երաշխիք չէ։ Ավելին՝ մենք բազմիցս տեսել ենք և մեր իրականության մեջ ակտուալ է, երբ 5 տարբեր լաբորատորիաներ տալիս են 7 տարբեր պատասխաններ, անգամ ԱԺ-ում են այդ հարցը քննարկել, թե ինչպես է այդպես հնարավոր։ Այսինքն՝ այն, ինչ ասում է պետական վերահսկողը, հիմք չէ այս պահին։ Պետական վերահսկողը ոչ թե պետք է տեսական մտքեր հայտներ, այլ հստակ քայլեր ձեռնարկեր իսկությունը պարզելու համար»։
Ինչ վերաբերում է ձեթի որակին և դրա հետ կապված քննարկումներին՝ Պիպոյանը նշեց, որ այդ մասով գնահատական չի կարող տալ, քանի որ գործ ունենք այնպիսի նյութի (խոսքը մամուլում շրջանառվող լուրերի մասին է) հետ, որի մեջ փաստական գնահատականներն առնվազն լաբորատոր չեն.«Եվ չի բացառվում, որ, օրինակ, մրցակցի սև գործ լինի։ Ես գիտեմ, որ պետությունը հարկատուների հաշվին պահում է պետական լիազոր մարմին, որը պարտավոր է նմանատիպ դեպքերում արձագանքել, մասնագիտական գնահատական տալ և դա չպետք է լինի այն անհեթեթ բառերի կույտը, որը ասել են ձեզ՝ եթե կա ԵԱՏՄ նշան, ուրեմն նորմալ է։ Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ԵԱՏՄ նշանը դեռևս անվտանգության և նորմալ լինելու երաշխիք չէ և երաշխավորում եմ նաև, որ լիազոր մարմինը դա գիտի»։