12/06/2023 19:00
Սորոսն իր ֆինանսական կայսրությունը թողել է որդուն․Օրբանը նրանց մաֆիոզների հետ է համեմատել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արձագանքել է լուրերին, ըստ որոնց ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով ծագումով հունգարացի է, 25 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական կայսրության կառավարման ղեկը հանձնել է որդուն՝ Ալեքսանդրին։ Օրբանը հայր և որդի Սորոսներին համեմատել է մաֆիոզների հետ։
Նա Twitter-ի իր էջում դրվագ է տեղադրել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմից, որում ընտանիքի գլուխ համարվող դոն Վիտո Կոռլեոնեն համբուրում է իր որդի Մայքլին և իր օրհնությունը տալիս նրան՝ «լուրջ գործեր» կատարելուց առաջ։ Օրբանն իր հրապարակած կինոդրվագին կից գրառում է արել՝ «Սորոս 2․0»։
Նշենք, որ նախօրեին The Wall Street Journal-ն է հայտնել , որ Ալեքսանդր Սորոսը՝ Ջորջ Սորոսի որդին, ընտրվել է Սորոսների ընտանեկան հիմնադրամների տնօրենների խորհրդի նախագահ և դարձել է նաև մինչ օրս ավագ Սորոսի կողմից կառավարվող մի քանի այլ կազմակերպությունների ղեկավար։ Ըստ հրապարակման՝ Ջորջ Սորոսի ստեղծած «Բաց հասարակություններ» հիմնադրամում շուտով համալրումներ են տեղի ունենալու։
37-ամյա Ալեքսանդր Սորոսն իր հերթին, ղեկավար ընտրվելուց հետո տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շարունակել աջակցել ԱՄՆ-ի ձախ քաղաքական ուժերին՝ նշելով, որ նրանց ու իր հոր հայացքներն, ընդհանուր առմամբ, համընկնում են։