13/06/2023 12:19
Ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ էին հասցնում պաշտպանյալիս գլխին, մարմնի տարբեր հատվածներին. Փաստաբանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Կարեն Ալավերդյանը ներկայացրեց ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն կիրառելու միջադեպի մանրամասները։
«2023 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, ես և պաշտպանյալս, որի անունը, խնդրում եմ, թույլ տվեք չհրապարակել, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալիս և նրա ընկերոջ միջև, որը նույն գործով հանդիսանում է նույնպես մեղադրյալ, իրենց անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել ընդամենը խոսակցություն, որն, իմ գնահատմամբ, չի կարող պարունակել հանցակազմի հատկանիշներ։
Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ հակաիրավական գործունեություն նիստի ընթացքում կամ դատարանում տեղի չի ունեցել։ Դատական նիստի ավարտից հետո, ես ու պաշտպանյալս հանգիստ, առանց որևէ տարօրինակ բանի, քայլում էինք դատարանի դիմացի մայթով, երբ մեզ մոտեցան 30-ից ավելի ոստիկանության ծառայողներ, ինչի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Ընդ որում, այդ ծառայողները և՛ Կենտրոնի բաժնից էին, և՛ Էրեբունու, և՛ պարեկայինի անձնակազմից, այն պարագայում, երբ հակաիրավական որևէ արարք չի կատարվել։
Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, և այդ ամբողջ իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատաիրավական գործողություն պատկերացնել կամ որևէ իրավական գործընթաց սկսել։ Այնուամենայնիվ, հնարավորության սահմաններում ձեռնարկել եմ բոլոր միջոցները՝ պաշտպանյալիս իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար։ Ի վերջո, հասկացվում է, որ ոստիկանության ծառայողները ցանկանում են պաշտպանյալիս հրավիրել ոստիկանության բաժին։ Այդպիսի բան գոյություն չունի, քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանության բաժին, այն էլ նրա կամքին հակառակ։
Ես պահանջել եմ ներկայացնել իրենց կողմից կատարվող գործողությունների փաստական հիմքերը, իրավական հիմքերը, այդպես էլ դրանք չեն ներկայացվել, և իմ պաշտպանյալը ցանկություն է հայտնել ինքնակամ ներկայանալ ոստիկանական բաժանմունք և ինձ՝ որպես փաստաբանի, խնդրել է իր հետ ներկայանալ՝ անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով։ 5 րոպե անց, ներկայացել եմ ոստիկանության կենտրոնական բաժին, սակայն ամեն կերպ ինչ-որ խոչընդոտներ են ներկայացրել՝ պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։
Ի վերջո, համառ պայքարից հետո, ինձ հաջողվեց բարձրանալ նշված բաժնի 4-րդ հարկ, մոտենալով սենյակին, լսեցի պաշտպանյալիս գոռոցները, բղավոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողները նախ՝ խոչընդոտեցին ինձ բացելու աշխատասենյակի դուռը, սակայն ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ էին հասցնում նրա գլխին, մարմնի տարբեր հատվածներին՝ որևէ խտրականություն չդնելով իրենց գործողությունների մեջ։
Ընդ որում, ինչու 5-6 հոգի, որովհետև այդ տղայի շուրջն էլ տեղ չկար, թե չէ հերթի մեջ էլի մարդիկ կային, ովքեր կարող էին հերթափոխ իրականացնել։ Այդ պահին արագ կողմնորոշվելով՝ արձագանքել եմ, պաշտպանյալիս բարձրացրել եմ, ոստիկանության ծառայողներին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց արարքը ավելին էր, քան փողոցային «ռազբորկան»։ Մեծ ջանքերի շնորհիվ ինձ հաջողվեց այդ իրավիճակը որոշ չափով հանդարտեցնել, և ոստիկանության ծառայողները դուրս եկան աշխատասենյակից։
Այդ պահին ես թույլտվություն եմ խնդրել և սիգարետ եմ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության նշված ծառայողը սկսել է գոռալ պաշտպանյալիս վրա և այդ նույն խումբը ներխուժել է, ինձ մի կողմ է հրել։ Իսկ թե այն կողմում պաշտպանյալիս հետ ինչ է կատարվել՝ ես կարող եմ դատել միայն ձայներից։ Այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, իմ մոտ համոզմունք է ձևավորում, որ ստեղծված իրավիճակը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության գործողությունների արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված է վերադասների հետ», - ներկայացրեց Ալավերդյանը։
Նա նաև ավելացրեց, որ պահանջել են ինքը հեռանա բաժնից և երբ նա առարկել է, այդեղ իր նկատմամբ կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, այնուհետև նրան ձերբակալել են, կիրառել են ձեռնաշղթա և հատուկ միջոցներ։