13/06/2023 12:56
Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհն անիմաստ է լինելու. Ալեն Սիմոնյան
Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը…, եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու, լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա», - նշեց նա:
Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակից ամեն ինչ հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է:
«Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն ունեն ու շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա», - ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նոյեմբերի 9-ի շրջանակում ունի պարտավորություններ, օրինակ, Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ապահովելու, ինչը չի կատարվում:
«Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն, այո՛, կան, արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում, այո՛, ես այդպես եմ համարում, կարելի է ավելի շատ քաղաքական լծակներ կիրառել, որ հարցը լուծվի», - ընդգծեց ԱԺ նախագահը: