13/06/2023 14:01
Քաղաքական ուժերը հանրությանը 3 բան պետք է ներկայացնեն՝ շատ պարզ ու մատչելի․ Իշխան Սաղաթելյան
Համոզված ենք, որ այս իշխանություններով մենք դատապարտված ենք, այս իշխանություններով որևէ հնարավորություն չկա։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իրենց առաջիկա գլխավոր անելիքը կապիտուլացիոն նոր փաստաթղթի ստորագրումը կանխելն է լինելու.«Այնուհետև փորձելու ենք հասնել իշխանութան փոփոխմանը և նոր իշխանության ձևավորմանը, որը կսպասարկի հայ ժողովրդի շահերը։ Այսօրվա իշխանությունը, ըստ էության, սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և նրանց քաղաքականությունը»։
Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանն այդ փաստաթուղթը կստորագրի, եթե տեսնի, որ ժողովուրդը համակերպվում է և չի ընդվզում.«Կանխելու միակ ճանապարհն ընդվզումն է։ Իսկ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը դա պատրաստելն է ու այլընտրանք առաջարկելը։ Քաղաքական ուժերը 3 բան շատ պարզ ու մատչելի մեր հանրությանը պետք է ներկայացնեն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, դա իրականացնելու թիմ և իշխանափոխության ճանապարհային քարտեզ։ Մենք մեր պատկերացումներն ունենք այդ քարտեզի մասով, այս փուլում պատրաստվում ենք դրանք ներկայացնել մեր գործընկերներին, քանի որ մենք մեծապես կարևորում ենք համախմբումը, միասնական ճակատի ձևավորումը»։