13/06/2023 20:22
Ռուսաստանը չեղարկել է Ազովի ծովը և Կերչի նեղուցը Ուկրաինայի հետ համատեղ օգտագործելու մասին պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ուկրաինայի հետ Ազովի ծովի և Կերչի նեղուցի օգտագործման հարցում համագործակցության մասին պայմանագիրը չեղարկելու մասին օրենքը, որը հրապարակվել է Ռուսաստանի իրավական ակտերի տեղեկագրում։
Ինչպես նշվում է ուղեկցող նյութերում, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Զապորոժիեի ու Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմ ընդունելով՝ Ազովի ծովի ափերն ու Կերչի նեղուցը սկսել են պատկանել միայն Ռուսաստանին․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան կորցրել է ափամերձ պետության կարգավիճակը այս ջրային տարածքների նկատմամբ, անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել պայմանագիրը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նշված պայմանագիրը ստորագրել են Կերչում՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին․ փաստաթղթում ընդգծվում էր Ազովի ծովի և Կերչի նեղուցի նշանակությունը երկու երկրների տնտեսական զարգացման գործում։