13/06/2023 20:11
ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին․ Բորել
Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ պատասխանելով ԵԽ պատգամավորների հարցերին։
Բորելն ասել է, որ դիտորդական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հանձնառությամբ օժտված մասնագետներից, որոնք զինված չեն։ Թվով 100 դիտորդներ ունեն երկու տարվա առաքելություն իրականացնելու մանդատ և պետք է նպաստեն իրավիճակի կայունացամանը սահմանների երկայնքով։
Բորելի խոսքով՝ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
«Եվրոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։ Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Բորելը նաև շեշտել է՝ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։