13/06/2023 21:06
Ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար․ Պապիկյանը՝ զինծառայողներին
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Սուրեն Պապիկյանը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։ Նա տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի ավելի լավ պատրաստվելու և կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։
Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ։
Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնի լսարաններում, հետևել ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել դասընթացների մասնակիցների հետ:
Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՊՆ ուսումնական կենտրոնում գտնվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր զինծառայողների հետ, խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր և պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար:
Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար»,- նշված է հաղորդագրությունում: