13/06/2023 17:03
Սա խայտառակություն է, մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի. Բնապահպանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին
Այսօր Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան։
Aysor.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նկատեց, որ այնպիսի աղբավայրերում, ինչպիսիք մեզ մոտ են, բնական է, որ անընդհատ հրդեհ է բռնկվելու.«Աշխարհում էլ է այդպես, որտեղ հետամնաց աղբավայրեր կան։ Երբ եղանակը փոխվում է, անձրևները քչանում են, աղբի մեջ եղած ապակու, երկաթի կտորներն անդրադարձ են անում արևի շողերը, որից էլ կարող է հրդեհ առաջանալ։ Բոլորովին պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը լուցկի վառի կամ սիգարետ գցի այդտեղ, որպեսզի հրդեհ առաջանա։ Իհարկե, չեմ բացառում նաև այն փաստը, որ մեր աղբավայրերի շուրջը դրսում ապրող մարդիկ կան, որոնք նույնպես կարող են նպաստել աղբավայրում կրակի զարգացմանը։ Բայց, ընդհանուր առմամբ, դա կապված է եղանակային պայմանների հետ»։
Սակայն, ըստ Ադամյանի, այնպես չէ, որ եթե անձրև գա, ապա մենք հրդեհ չենք ունենա.«Մենք պետք է համակարգային լուծում տանք սրան։ Մենք չպետք է խառը աղբը տանենք և լցնենք մի տեղ, որտեղ տարիներ շարունակ ծխի աղբը, հետո էլ հրդեհվի ու թունավորի մեր միջավայրը։ Աղբի մասով մեր սկզբունքները պետք է հիմնարար փոխենք։ Աբը պետք է դառնա միջոց՝ երկրի բյուջեն լցնելու։ Աղբը պետք է վերամշակվի։
Չպետք է թողնենք այդպես աղբ վառվի, հետո պատկան մարմիններն ահռելի գումնար վատնեն հրշեջների վրա, որպեսզի նրանք օր ու գիշեր փորձեն հանգցնել այն։ Դա խնդրի լուծում չէ։ Օրինակ, մինչև 2050 թվականը ԵՄ տարածում չպետք է լինի աղբ, այսինքն՝ այն պետք է վերամշակվի։ Իսկ այդ դեպքում աղբի քանակը քչանում է, կամ ամբողջովին վերանում։ Դա ԵՄ ռազմավարությունն է, որը շատ ցանկալի է, որ մեր երկրում էլ կիրառվի։ Բայց քանի որ մենք հիմա գումար ենք ծախսում նոր աղբավայր կառուցելու համար, մեզ համար այդ ռազմավարությունը ոչինչ չի նշանակում։ Ես Շրջակա միջավայրի ռազմավարությունը կարդացի, որից շատ հիասթափվեցի»։
Նա նաև ավելացրեց, որ «1 Բիս» աստիճան հրդեհն ամենաբարձրն է, այսինքն՝ ամբողջ աղբավայրը հզոր կրակով վառվում է.«Սա խայտառակություն է, մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի»։