13/06/2023 15:52
Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում. ԿԲ նախագահ
2023 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային և հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում», - հայտնեց Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը։