13/06/2023 18:58
Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ․ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախի Հանրապետությունում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում:
Տվյալ անձինք շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը թույլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը:
Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանյութերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր միջանցքը արգելափակված չէ և ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակետի առկայությունը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողության միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդեն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ հարուցելով ոչ միայն անվտանգության, այլև՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչության սնանկությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը»,- նշված է հայտարարությունում։