13/06/2023 13:20
Ծխախոտով այրել են ոստիկանություն տարած անձի դեմքն ու քիթը. Փաստաբան
Պաշտպանյալիս ներկայացմամբ՝ ինքը որևէ անօրինական, հակաբարոյական վարքագիծ չի դրևորել։ Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Մարիամ Աբրահամյանը՝ անդրադառնալով ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած բռնության միջադեպին։
Նրա խոսքով՝ ըստ այդմ էլ անհասկանալի է, թե ինչու է նա ոստիկանության բաժնում ենթարկվել դաժան ծեծի.«Մենք փորձում ենք քրեական վարույթի շրջանակներում պարզել, թե ինչու է դա տեղի ունեցել։ Պաշտպանս դատարանում ցուցմունք է տվել, հայտարարությամբ է հանդես եկել, ունի բավականին վնասվածքներ, հետազոտության է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված։
Դատաբժշկական փորձաքննությունը բավականին ուշ կայացվեց՝ մեր ջանքերից հետո, ինչը ցավալի է։ Ձերբակալվածների պահման վայրում սուր ցավեր է ունեցել, այնտեղի Շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց։ Այո՛, ծխախոտով նրա դեմքի որոշ հատվածներ, քիթը այրված է։ Նա տնային կալանքի տակ է, մենք գնացինք այնտեղ և պարզվեց, որ կողերի հատվածում ևս լուրջ ցավեր ունի»։