13/06/2023 10:02
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։ Նախարարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը։ Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը 2022 թվականի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Ընդ որում՝ նույն այդ հայտարարագրի համաձայն՝ նա այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել 2003 թվականին, մեկ այլ հողամաս՝ 2020 թվականին, և տունն ու մյուս հողամասն էլ՝ 2021 թվականին, այն էլ՝ նույն օրը՝ հունիսի 28-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ապրում է Նոր Նորքում գտնվող բնակարանում, որի ձեռք բերման տարեթիվը հայտարարագրում պաշտպանված է, այսինքն՝ չի երևում։ Վերջինս ունի նաև 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Անդրադառնանք նրա եկամուտներին. նախարարը 2022 թվականին ընդհանուր ստացել է 23 մլն 342 հազար դրամ եկամուտ, որից 20 մլնը նախարարի տարեկան աշխատավարձն է, 11 հազար դրամ ստացել է «Մարտիգ» համալսարանից և 2 մլն դրամ էլ՝ ՊԵԿ-ից։
Գնել Սանոսյանը նաև վարկ ունի, որի մայր գումարը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն դրամ, որը մարելու համար այդ տարի 6 մլն դրամ է ծախսել։ Ըստ հայտարարագրի՝ Գնել Սանոսյանը 2022 թվականին հանգստի է մեկնել և դրա համար ծախսել 2 մլն դրամից ավելի գումար, որը ներառում է տոմսն ու կեցության ծախսը, բացի այդ, 2 մլն դրամից ավելի գումար էլ նախարարի կողմից վճարվել է որպես ուսման վարձ։ Եվ վերջապես՝ բանկում նախարարն ունեցել է 2 մլն 916 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 150 հազար ռուբլի և 7 մլն 200 հազար դրամ»։