14/06/2023 15:00
Էրդողան. «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Ըստ նրա՝ իրականում դա իրենց էլ պետք է հիասթափեցնի։
«Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն պատասխանատվությամբ», - ասել է Էրդողանը։