14/06/2023 16:24
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. սքրինինգային հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերել խնդիրը վաղ փուլում
Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի պատճառը, գրեթե 80% դեպքերում մարդու պապիլոմավիրուսն է: Այն հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Մնացած բոլոր տարբերակները, որոնք կարելի է նշել որպես պատճառ, պարզապես ռիսկի գործոններ են համարվում:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյանը անդրադարձել է արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություններին, դրանց առաջացման պատճառներին ու նշել բուժման ժամանակակից մեթոդները։
Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ փուլերում կարող է գանգատներով չուղեկցվել, իսկ ախտանշանների դեպքում ամենահաճախ հանդիպողը կնոջ մոտ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է: Բարդացած փուլերում դիտվում են սուր ցավեր, առատ արյունային արտադրություն, կարող են լինել նաև այլ օրգան-համակարգերի հետ կապված փոփոխություններ, հատկապես՝ միզուղիների: Քաղցկեղի երրորդ-չորրորդ փուլերում հաճախ ձևավորվում են միզուկ-հեշտոցային, միզապարկ-հեշտոցային խուղակներ, որոնց պարագայում մեզը կամ կղանքը անկանոն կերպով հոսում են սեռական օրգաններից:
Ցանկացած ախտորոշում, սովորաբար, սկսում են ամենապարզ մեթոդներից: Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար առաջին այցի ժամանակ հետազոտությունը սկսվում է գինեկոլոգիական հայելիներով զննումից: Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կատարում է կոլպոսկոպիա. հատուկ մշակումից հետո խոշորացնող սարքի օգնությամբ զննվում է արգանդի վզիկը:
Եթե կինը կանխարգելիչ նպատակով է դիմել բժշկի, կարելի է կատարել ՊԱՊ քսուքի բջջաբանական հետազոտություն և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեսթ, որից հետո, ուռուցքի կասկածի դեպքում, հարկ է դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի: Այս էտապում իրականացվում է կոլպոսկոպիա, հաջորդիվ, վտանգավոր փոփոխություններ հայտնաբերելու դեպքում, կատարվում է կասկածելի օջախի բիոպսիա:
Եթե ուռուցքի առկայությունը հաստատվում է, կատարվում են ռադիոլոգիական հետազոտություններ՝ ներհեշտոցային ներքին էքսպերտ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա: Արդյունքում, բժիշկների ընդհանուր խորհրդատվությամբ, կազմվում է հիվանդի բուժման պլանը:
Կան հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տվել որ նախաքաղցկեղային առաջին փուլից մինչև քաղցկեղի առաջացումը կարող է տևել մինչև 5 տարի: Ուստի եթե կինը մեկ կամ երկու տարին մեկ անգամ հետևողական անցնի վերոնշյալ հետազոտությունները, քիչ հավանական է, որ նրա մոտ հետագայում կարող է հայտնաբերվել երկրորդ, երրորդ, չորրորդ, անգամ առաջին փուլի քաղցկեղ: Մասնագիտական թիմի կողմից իրականացված սքրինինգային հետազոտությունների դեպքում նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման հավանականությունը բավականին բարձր է, իսկ հայտնաբերման դեպքում բուժումը` ավելի արդյունավետ:
Եթե 20-30 տարի առաջ արգանդի վզիկի քաղցկեղը համարվում էր անբուժելի հիվանդություն, այսօր բոլորովին այլ պատկեր է:
Բնականաբար, հիվանդության առաջին՝ սկսվող փուլերում, բուժման արդյունավետությունը մեծ է (95-97 %):
Բուժման հիմնական, արմատական մեթոդը վիրահատությունն է: Ավելի ուշացած բոլոր փուլերում՝ երկրորդ, երրորդ և չորրորդ, բուժման արդյունավետությունը նվազում է:
Այդ պատճառով բոլորին հորդորում ենք կանոնավոր դիմել բժշկի, դիմել սքրինինգային հետազոտությունների, որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում` ապահովելու առավել արդյունավետ բուժում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։