14/06/2023 15:51
Ինչո՞ւ են ձեռքերը կամ ոտքերը մշտապես սառը. համախտանիշի հնարավոր պատճառները
Մեր շրջապատում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են՝ նույնիսկ ամռան շոգին։ Ինչպե՞ս հասկանալ՝ երևույթը օրգանիզմի առանձնահատկությու՞ն է, թե՞ որևէ հիվանդության ախտանիշ։
Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են. Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց։ Հիմնական պատճառը թույլ ջերմակարգավորումն է՝ պայմանավորված կանանց ֆիզիոլոգիայով՝ հորմոնային ֆոնի մշտական փոփոխություններով։
Բարձրահասակ, նիհար կառուցվածքով մարդիկ նույնպես կարող են բախվել ջերմակարգավորման անբավարարության խնդրին։
Տարեց մարդիկ ևս մշտապես մրսում են, ինչը կապված է օրգանիզմում բոլոր գործընթացների դանդաղեցման հետ, այդ թվում ` ջերմափոխանակության։
Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են նաև երեխաները, հատկապես մինչև մեկ տարեկանը։ Ջերմակարգավորումը նրանց մոտ դեռ կայունացած չէ, այդ պատճառով նրանք հեշտությամբ ցրտահարվում են և գերտաքանում։
Սառը ոտքերի և ձեռքերի պատճառ կարող է լինել նաև խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիան վերցնում է սննդից, և, եթե կալորիաները քիչ են, ապա դրանք բավարար չեն լինում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։
Սառը վերջույթների հիմնական պատճառներից մեկն էլ արյունամատակարարման խանգարումն է՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի հետևանքով առաջացած անոթների սպազմով։
Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ և հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։
Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
Շատ հաճախ սառը ձեռքերի և ոտքերի պատճառը վեգետաանոթային դիստոնիան է։ Այն ախտանիշների համալիր է, որն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների անհամաձայնեցված աշխատանքի հետևանքով։ Վեգետաանոթային դիստոնիան բնութագրվում է նաև այլ տհաճ երևույթներով, մասնավորապես՝ գլխապտույտով, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներով, հաճախացած սրտխփոցով, սրտի շրջանում ցավերով (սրտային ախտաբանության բացակայության դեպքում)։
Առաջնային պատճառների շարքում է նաև վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, որը դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ՝ հոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
Խցանող էնդարտերիիտը (ծխողների հիվանդություն)՝ ստորին վերջույթների անոթների անցանելիության խանգարումը, սկսվում է սառը ոտքերից, սակայն կարող է ավարտվել փտախտով։ Այլ դրսևորումներից են ոտնաթաթերի թմրածությունը, ոտքերի ցավը և ցնցումները, խոցերը, նեկրոզը։
Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև` խոշոր անոթներում։
Ռեյնոյի համախտանիշը ևս դրսևորվում է սառը ձեռքերի առկայությամբ. Այն քիչ տարածված հիվանդության՝ է, երբ ձեռքի մատները թմրում են, ուղեկցվում սպազմով և զգայնության կորուստով։
Եթե մշտապես սառչող վերջույթներից զատ, այլ լուրջ ախտանիշներ չկան, զարկերակային ճնշումը նորմալ է, խիստ սննդակարգի չի պահպանվում, հնարավոր է կարիք լինի ստուգել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և գլյուկոզայի պարունակությունը, ինչպես նաև վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։