14/06/2023 11:15
Քաղաքացիները քվեարկել են «Պատիվ ունեմ»-ին` լսելով, թե ինչ ձայն է գալիս Եռաբլուրում. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին
Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հրացը:
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը, որին ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա 2017-ից եղել է հանձնաժողովում:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մամիջանյանից հետաքրքրվեց` 2017 թվականին Հայաստանում քանի՞ տնտեսական մենաշնորհ է եղել: Նա ասաց, թե երբ այս թեմայից խոսում է, առաջին բանը, որ հիշում է` բանանն է, նաև բենզինը՝ ակնարկելով Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
«Ձեզ հայտնի՞ է` ձեր ներկայացրած թեկնածուն ի՞նչ գործունեություն է ծավալել հանձնաժողովի կազմում, ի՞նչ գործունեություն է ծավալել կոնկրետ մենաշնորհների հետ կապված», - հետաքրքրվեց Ալեքսանյանը:
Հայկ Մամիջանյանն էլ ի պատասխան ՔՊ-ականի՝ ասաց, թե շինծու դատական գործը բենզինի հետ կապված չի, այլ՝ դիզելի:
«Այդ շինծու դատական գործը Հայաստանի վրա նստել էր մի քանի միլիոն, դա այն գումարն է, որը դուք ներել եք այն վկային, որ ինքը չանցնի ԴԱՀԿ-ով, դա այն գումարն է, որով նախագահ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք է տրվել: Ինչ վերաբերում է ՀՀ-ում մենաշնորհներին` ես կրթությամբ տնտեսագետ չեմ ու չեմ կարող հարցը երկար քննարկել, բայց պետք է արձանագրեմ մի փաստ` եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում՝ 2018 թվականից ցայսօր բենզինի ներկրման չափաբաժինների հատվածում շատ քիչ փոփոխություն է եղել, նաև` շաքարավազի, նույնը վերաբերում է նաև հացահատիկին, բանանն էլ, դե, ձեր իշխանության սիմվոլն է», - արձագանքեց Մամիջանյանը:
Վահագն Ալեքսանյանը ևս մեկ հարց հնչեցրեց, նշեց՝ վերջերս օրինական ուժի մեջ մտավ վճիռ, որով «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի պետը դատապարտվեց կաշառք տալու համար:
«Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր, ընտրակաշառքի գինն ինչքա՞ն էր, պարո՛ն Մամիջանյան», - հետաքրքրվեց ՔՊ-ականը:
Հայկ Մամիջանյանն էլ արձագանքեց` քաղաքացիները քվեարկել են «Պատիվ ունեմ»-ին` իմանալով, լսելով, թե ինչ ձայն է գալիս Եռաբլուրում:
«Հիշելով, որ մինչև ձեր աղետալի իշխանությունը, իրենք անվտանգ գնում էին մեր Արցախ, Սյունիք ու Մեղրի գնալուց քաղաքացիներն ինձ չէին զանգում ու ասում՝ «տալո՞ւ ա մինչև շաբաթ-կիրակի, թե՞ հանգիստ գնանք», մեր իշխանության ժամանակ ԱԱԾ-ն հեռախոսահամար չէր տալիս գերի ընկնելու հետ կապված, այ դրա համար են մեզ քվեարկում», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: