14/06/2023 14:52
ՀՀ որևէ նախկին նախագահ չի հայտարարել, որ Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս. իրականում ի՞նչ նկատի ուներ Բորելը
Երեկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, «երբ դա ցանկանա Բաքուն, որը ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես, Հայաստանին»։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանի հայտարարությունն առաջին հերթին ցույց է տալիս Կովկասի ուղղությամբ Թուրքիայի մտադրությունների առաջնահերթությունը՝ Էրդողանի նախագահության նոր ժամկետի շրջանակում, որն, ինչ-որ իմաստով, շրջադարձային ժամկետ է լինելու, քանի որ այս ընթացքում գծվելու է Էրդողանի իշխանության ժառանգորդական շրջանակը.«Այս ժամկետը լինելու է Թուրքիայի իշխանության վերաձևման ժամկետ և Էրդողանն այդ իշխանությունը, ըստ էության, հանձնելու է այս ժամկետի ընթացքում իր ընտրած ժառանգորդին։
Եթե իհարկե կարողանա և եթե ստացվի, համենայնդեպս, այդ խնդիրն է դրվելու։ Եվ հիմա, դրան զուգահեռ, ձևավորվում են որոշակի առաջնահերթություններ։ Թե՛ այն, որ Էրդողանի առաջին այցը տեղի է ունենում Բաքու, և թե՛ Բաքվում հնչեցված Շուշիի վերաբերյալ գլխավոր հյուպատոսության մասին հայտարարությունը, ըստ էության, Էրդողանի՝ սակարկության ենթակա միտքն է, որ գցում է դաշտ՝ սպասելով ռեակցիաների։ Սա Կովկասի առաջնայնության հայտն է, Էրդողանը ցույց է տալիս, որ ինքը այս ռեգիոնը դիտարկելու է առանցքային և սա ունի մի շարք պատճառներ։
Այստեղ խնդիրը բուն Կովկասը չէ, այստեղ խնդիրը ՌԴ-ն է, Իրանն է, Ամերիկա-Չինաստան մրցակցությունն է, այդ համատեքստում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Կովկասի դարպասային նշանակությունն է։ Եվ այն, որ սա ազդակ կլինի աշխարհի համար, խոսում է հենց այդ մասին, որ Էրդողանը գաղափար է բերում առաջ և կտեսնի, թե դրա հարցում ով ինչ արձագանք կտա և ինչպիսի հետքրքրություն կցուցաբերի, ինչպես հնարավոր կլինի վաճառել այդ գաղափարը։ Եվ այստեղ պետք է նկատել, որ գլխավոր հյուպատոսության մասին հայտարարությունը փաստացի նաև հաջորդում է այն տեղեկատվությանը, որ ՌԴ-ն է պատրաստվում Կապանում բացել հյուպատոսություն։
Անկասկած է, որ սա ՌԴ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների դրսևրում է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ Կապանում հյուպատոսություն շատ ավելի վաղ բացել է նաև Իրանը՝ արտահայտելով իր հետաքրքրությունները ռեգիոնի նկատմամբ և իր շահերը։ Հիմա մենք տեսնում ենք ռուս-իրանական հարաբերությունների մերձեցում, և այս հանգամանքն այդ համատեքստում էլ շատ հետաքրքիր է»։
Ըստ Բադալյանի՝ սա է էրդողանյան հայտարարության տողատակը, որի մասով փաստացի արձագանք գալիս է ԱՄՆ-ից.«Սա նշանային է, երբ տեղեկությունը հայտնվում է կառավարական լրատվամիջոցում, այսինքն՝ «Ամերիկայի ձայնի» սեփականատերը ԱՄՆ կառավարությունն է և այստեղ պատահական տեղեկություններ չեն հայտնվում։ Իսկ հաշվի առնելով այն, որ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունում այդքան էլ հաճախ չեն անդրադառնում հայ-ադրբեջանական խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրին առնչվող տեղեկություններ, իսկապես, հետաքրքիր է, որ Շուշիի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը տեղ է գտնում կայքում։ Սա նշանակում է, որ այն արժանացել է ԱՄՆ-ի շոշափելի ուշադրությանը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չէ, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում․ դա բազմիցս արել են նախկինները։ Փաստացի Բորելի այս հայտարարությամբ ի չիք են դառնում Նիկոլ Փաշինյանի ասածները։
Քաղաքագետը հակված չէ մտածելու, որ Բորելի հայտարարության իմաստը Փաշինյանի ասածները հերքելն էր․«Եվ չեմ համարում, որ դա «ջրվեց», որովհետև, որքանով ես եմ հասկանում, Փաշինյանի հայտարարության իմաստն այն չէր, որ նախկին իշխանությունները, նախագահները հենց բառացի Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Նրա հայտարարության իմաստն այն էր, անկախ նրանից, մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ, վարվել է մի քաղաքականություն և ճանաչվել են բանակցային սկզբունքներ, բովանդակություն, որը ենթադրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս։ Այստեղ Փաշինյանի մեկնաբանությունը, մեղմ ասած, հարաբերական է։ Բորելը նկատի ունի, որ ուղիղ իմաստով, բառացի իմաստով Փաշինյանն է առաջին ճանաչողը և դա իսկապես փաստ է։
Այսինքն՝ ՀՀ որևէ նախկին նախագահ չի հայտարարել, որ Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջության կազմում։ Խնդիրն այն է, թե ինչու է Բորելը խոսում այդ մասին։ Այստեղ կա հետևյալ իրավիճակը՝ այդ հայտարարություններն անելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կողմից արված քայլով պատասխանատվության տակ դնել արևմտյան միջնորդական սուբյեկտներին, կողմերին հետևյալ տրամաբանությամբ՝ «ես արեցի այս քայլը, այն, ինչ ինձանից կախված էր, դուք ակնկալում էիք»։ Չէ՞ որ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենից պահանջում են, որ նշաձողն իջեցվի, որպեսզի մեր կողքին լինեն։ Եվ հիմա Փաշինյանը հայատարարում է, որ ինքը նշաձողը իջեցրել է և դուք պետք է լինեք մեր կողքին։
Եվրոպացիներին դնում է որոշակի պատասխանատվության առաջ, բայց իրենք էլ փորձում են պատասխանատվությունը փոխել Հայաստանի դաշտ։ Ակնհայտ է, որ իրենց շահերն այսօր առնվազն ենթադրում են լինել Ադրբեջանի կողքին՝ Հայաստանից ոչ պակաս։ Եվ դրա համար էլ փորձում են այս հայտարարություններով ստեղծել պատկեր, որ այն, ինչ այսօր կա, Փաշինյանի հայտարարությունների հետևանքն է»։