14/06/2023 16:05
Ճանապարհը փակել են ոչ թե իշխանության համար, այլ ասում են՝ էդ մթերողները մի հատ թող գան, դրանց բերանը ջարդենք, թողենք էթանք. Դիտակի համայնքապետ
Արարատի մարզի Դիտակ և Ջրաշեն համայնքների բնակիչները փակել են գյուղեր տանող ճանապարհը։
Aysor.am-ի հետ զրույցում Դիտակի համայնքապետ Սուրեն Սրապոյանը նշեց, որ ճանապարհի փակումը կապված է ծիրանի ցածր գնով մթերման հետ.«Ասել են՝ էսօր 250 դրամով են մթերելու, վաղն արդեն՝ 200-ով։ Ժողովուրդն էլ ջղայանցել է, բորբոքվել են, հելել են ճանապարհը փակել։ Ճանապարհը փակել են ոչ թե կառավարության, իշխանության համար, այլ ասում են՝ էդ մթերողները մի հատ թող գան, դրանց բերանը ջարդենք, թողենք էթանք։ Մթերողները մասնավոր ընկերություններ են, պետական ոչ մի բան չկա։ Նախորդ տարի առաջին բերքը, որ հավաքել ենք, տվել ենք 600-700 դրամով, իսկ այս տարի սկզբում տարել են 400 դրամով, իսկ վաղը չգիտենք, թե ինչ է լինելու։ Էն էլ Աստված էսօր մեր կողմից չէր, եթե այսօր անձրև չգար, կհավաքեինք, գոնե 50 դրամով էսօր թանկ կտայինք։ Վաղն արդեն 200-ով են մթերելու»։
Մեր այն հարցից հետո, թե արդյո՞ք դիմել են կառավարություն, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարություն՝ հարցին լուծում տալու համար՝ համայնքապետը կտրուկ փոխվեց.«Ազի՛զ ջան, ասեմ, որ ոչ մի շարժման մասնակից չեմ եղել ու չեմ էլ լինելու։ Էսօրվա ակցիային, ճանապարհ փակելուն նորից ներկա չեմ եղել ու իմ գյուղացիներից էնտեղ ոչ մի մարդ չկա։ Անձամբ գնացել եմ, տեսել եմ, թե արդյո՞ք իմ գյուղացիներից էնտեղ մարդ կա, որովհետև ես վերահսկում, տիրապետում եմ իրավիճակին, 400 դրամով մեր գյուղից ծիրան տանում են»։
Այն դիտարկմանը, թե քիչ առաջ այլ բան էր ասում, իսկ ահա նախարարության մասին հարցից հետո սկսեց այլ բան ասել՝ Սրապոյանը պատասխանեց.«Ես խոսում եմ օբշի։ Ասենք՝ Ջրաշենից տանում են 300 դրամով, Արևշատից տանում են 300-ով, Դիտակից տանում են 400-ով։ Դա էլ, գուցե, նրա համար, որ մթերողն իմ ընկերն է»։