14/06/2023 19:00
Հայաստանի միակ իրական շանսն Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատելու և լիարժեք վստահելի քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ է․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի այն հայտարարությանն, ըստ որի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։
«Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը:
Եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի սուվերեն տարածքի ճակատագիրն այսօր տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մյուս շահագրգիռ և ոչ շահագրգիռ երկրների անունները Թուրքիայի նախագահը չի նշում: Հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանի կապիտուլյանտներն արդեն տվե՞լ են իրենց համաձայնությունը, թե՞ ոչ: Որովհետև ուշադրություն` ըստ Էրդողանի, ոչ թե Հայաստանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին», այլ Իրանը:
ՀՀ ԱԳ նախարարն այսօր հրաժարվել է մեկնաբանել Էրդողանին: Մեկ այլ ՔՊ-ական դեպուտատ ասել է, որ Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակ է:
Ի մի բերելով պատկերը՝ այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ
1. Թուրքիան և Ադրբեջանն այս հարցով քաղաքական օրակարգ ունեն (կամ բացելու են) Իրանի հետ:
2. Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, այս հարցում կարող են աջակցել Թուրքիային:
3. Իրանին ենթադրաբար համոզելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի` այդ կերպ պարտադրելով հայ ժողովրդին` համաձայնվել Նիկոլի կապիտուլյացիոն հերթական ծրագրին:
4. Ռուսաստանը, որքան էլ ծանր բեռ ունենա Ուկրաինական ճակատում, այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ հրաժարվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով իր ստանձնած գործառույթից: Կապանում բացվող ՌԴ հյուպատոսությունը խոսուն փաստերից մեկն է:
5. Թուրքիան այս հարցում փորձելու է մոբիլիզացնել նաև մուսուլմանական համերաշխության գործոնը, եթե նկատի ունենանք, որ իր խոսքում Էրդողանն ընդգծել է «մուսուլմանական Իրան» եզրույթը:
6. Հայաստանի իշխանությունների ինքնուրույն քաղաքական կշիռն Արևմուտքում, Արևելքում, ՌԴ-ում, ինչպես նաև տարածաշրջանում զրոյին շատ մոտ են, եթե չհաշվենք օտար շահերին ծառայելու նրանց պատրաստականությունը:
7. Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն ու լիարժեք վստահելի քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ է»,- գրել է Արտակ Զաքարյանը: