14/06/2023 17:37
«Երիտասարդների գաղափարներին ու մոտեցումներին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աջակցություն». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Եռամյա ծրագիրն իրականացնում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում գործող միջազգային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ծրագրի մեկնարկի կապակցությամբ, վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու երիտասարդական քաղաքականությանն ու երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:
«Սեփական իրավունքների ու շահերի պաշտպանությունը և համայնքային կյանքին մասնակցությունը պետության զարգացման ամենակարևոր նախապայմանն են: Մենք հաջողություն ենք գրանցել բոլոր այն ոլորտներում, որտեղ կարողացել ենք պաշտպանել մեր իրավունքներն ու շահերը: Մեր երիտասարդները շատ ակտիվ են, նախաձեռնող և ունեն հրաշալի գաղափարներ, բայց այդ բոլոր ծրագրերին, գաղափարներին ու մոտեցումներին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աջակցություն, որպեսզի որևէ պարագայում որևէ երիտասարդ չմտածի, թե մենակ է իր մտքերի ու գաղափարների հետ: Անհրաժեշտ է ապահովել այն միջավայրն ու պայմանները, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին զարգանալու և առաջ գնալու՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի ու պետության զարգացմանը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ծրագրի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ներկաներին ու շնորհավորել ծրագրի մեկնարկի առթիվ:
«Պետք է երիտասարդներին հնարավորություն և հարթակ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան սովորել, արտահայտել իրենց դիրքորոշումն ու մասնակցել որոշումների կայացման գործընթացներին: Հայ երիտասարդների հանդեպ մեծ համակրանք ունեմ. նրանք մեծ պոտենցիալ ունեն և հանդիսանում են վաղվա օրվա առաջնորդներն ու այսօրվա փոփոխությունների շարժիչ ուժը: Նրանց էներգիան ու գաղափարներն այն կարևոր գործոններն են, որոնք կարող են նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը կրթության, քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մաելրիուսն ընդգծել է հիմնադրամի հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և երիտասարդությանն աջակցելու և հզորացնելու հարցում. «Հուսով ենք՝ ծրագրի բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները, հզորացնել երիտասարդ մասնագետներին և այս դժվարին ժամանակներում աջակցել Հայաստանին՝ բաց և եվրոպական հասարակություն դառնալու ճանապարհին»:
Ծրագրի առաջնային շահառուները՝ երիտասարդական կազմակերպությունները, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների հնարավորություն կստանան, այդ թվում՝ արդյունավետ կառավարման և զարգացման համար: Այդ նպատակին կծառայեն տարբեր ուղղվածության դրամաշնորհները, ուսումնական ծրագրերը, նորարարական հավաքները, խորհրդատվությունները:
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի խոսքով՝ նախաձեռնվել է այնպիսի ծրագիր, որն ուղիղ ազդեցություն է ունենալու հատկապես մարզերի երիտասարդների կայացման գործում. «Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մի շարք մարտահրավերներ կլինեն ավելի հեշտ լուծելի, եթե երիտասարդների շրջանում իսկապես ունենանք առաջնորդներ, որոնք իրենց համայնքներում հանդես կգան նախաձեռնություններով ու կլինեն այդ դրական փոփոխությունները կերտողները: Ամեն ինչ հենց համայնքից է սկսվում, իսկ համայնքի հանդեպ պետք է ունենալ պատասխանատվություն և պատկանելիության զգացում»:
Ծրագրի կենտրոնում են լինելու նաև երիտասարդ մասնագետները, որոնք կստանան կրթաթոշակներ և հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտությունները՝ համայնքային խնդիրները թիրախավորելու, ինչպես նաև տարբեր նախաձեռնություններ մշակելու և իրականացնելու համար:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև մեդիագրագիտությունն ու մեդիակրթությունը: