14/06/2023 22:41
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, կուլիսային պայմանավորվածություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով․ Իրանի խորհրդարանի պատգամավոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հնարավոր է, կուլիսային պայմանավորվածություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով, Miran Press-ի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանը։ Ըստ նրա` լուրջ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ:
«Թեև Հայաստանի իշխանությունները միշտ ասում են, որ դեմ են «Զանգեզուրի միջանցքին», փաստերը ցույց են տալիս, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում և վնասում Հյուսիս-հարավ միջանցքին»,-ասել է Շահվերդյանը։
Նա հայտարարել է, որ Իրանը ցանկանում է միանալ ԵԱՏՄ-ին` հավելելով, որ միջանցքի բացումը սահմանափակում է Իրանի հասանելիությունը Եվրասիայում, Սև ծովում և Վրաստանում հաղորդակցության ուղիներին: Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապ ունեն իրանական տարածքով, և տարածաշրջանում սահմանների փոփոխության անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքին» դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։