14/06/2023 18:08
Դատախազությունը «Քովիդի գործով» անցնող Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել
ՀՀ դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գևորգ Սիմոնյանը։
«Տեսնենք, թե վճռաբեկ դատարանն ինչ որոշում կկայացնի»,–ասել է նա։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը լրատվամիւոցի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել։
«Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով: Ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»,–ասել է նա։
Ապրիլի 27–ին փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, Սիմոնյանը ազատ է արձակվել։
Խաչատրյանը նշել էր, որ դատավորը հակիրճ ասել է` նման որոշում է կայացրել, քանի որ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված։ Այդ է պատճառը, որ Սիմոնյանի նկատմամբ այլ խափանման միջոց չի կիրառվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։