14/06/2023 17:05
Վահագն Հովակիմյան. ԿԸՀ առաջնային գործընկերը քաղհասարակությունն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեց ԿԸՀ առաջիկա հինգ տարվա ռազմավարության ծրագրի նախագիծը:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ ԿԸՀ առաջնային գործընկերը ընտրական գործընթացներով հետաքրքրված հկ-ներն են:
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից IFES-ի գործընկերների հետ սկսել են ռազմավարության փաստաթղթի մշակման աշխատանքները: Հովակիմյանը կարևորեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները ևս տեղ կգտնեն ռազմավարության ծրագրում:
Նա հայտնեց, որ ԿԸՀ աշխատանքային խումբն ամենշաբաթյա ռեժիմով քննարկումներ է իրականացնում, որպեսզի աշնանը փաստաթղթի նախնական տարբերակն արդեն շրջանառության մեջ դրվի:
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԿԸՀ տեսլականը՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դառնան մշտապես գործող քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոններ, որոնք իրենց կրթական գործունեությունը կծավալեն նաև ընտրական գործընթացներից զերծ ժամանակահատվածում:
Քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները ողջունեցին ԿԸՀ գաղափարը և իրենց դիտարկումները ներկայացրին՝ շեշտելով, որ ապագա կենտրոնները լինեն մատչելի հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար: Վերջիններս իրենց առաջարկները գրավոր կներկայացնեն ԿԸՀ: