14/06/2023 09:39
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների դեմ կատաղի պայքար ծավալող, ապօրինի ծագման գույքի վերադարձի համար իրավական պրոցեսներ տանող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր թիմը համալրում է նախկինների ընտանիքների անդամներով:
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա համակարգում նոր չէ, երկար տարիներ աշխատել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, որից հետո նշանակվեց Երևան քաղաքի դատախազ, իսկ ահա հիմա էլ գլխավոր դատախազի տեղակալն է:
Տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինը Գևորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, և, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ և հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։
Նա նշել էր տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։ Այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գևորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի և զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ»։