14/06/2023 12:38
Երբ կորցնում ենք Արցախը, ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցրեց դրան. Ընդդիմության թեկնածուն՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հրացը:
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
ՔՊ-ականները Անահիտ Սարգսյանին հիշեցրեցին Facebook-ի իր էջում գրած ստատուսները ու նշեցին, թե նա հեռացրել է այդ ստատուսները:
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն, օրինակ, ասաց, թե Սարգսյանը Facebook-ում գրել է. «Բա, ոչխա՛ր ժողովուրդ, մերժեցիք Սերժին, բերեցիք Նիկոլին, հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»:
Անահիտ Սարգսյանն էլ հայտարարեց, թե ինքը, որպես ՀՀ քաղաքացի, ունի իր կարծիքը տեղի ունեցող երևույթների վերաբերյալ, մասնավորապես, պետության, պետության ամրության, պետության ղեկավարների, ղեկավարների վարած քաղաքականության:
«Ես չգիտեմ՝ դուք ինչ գրառում եք ասում, ես չեմ կարծում, որ իմ Facebook-ում նման գրառում կա, սակայն, այն պահին, երբ մենք կորցնում ենք Արցախը, այդ դեպքում ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցերց դրան», - նշեց Անահիտ Սարգսյանը՝ ի պատասխան Վահագն Ալեքսանյանի:
Արփի Դավոյանն էլ ասաց, թե Անահիտ Սարգսյանը գրել է «Նիկոլի սատարողների մասին». «Դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում՝ իրեն տանում են սպանդանոց»:
Անահիտ Սարգսյանն արձագանքեց, թե ինքը ստատուսներ չի ջնջում, իսկ իր համար ամենաթանկ բանը ոչ թե պաշտոնն է, այլ պետությունն է ու ազգը:
«Ես ամեն անգամ աշխատանքի բերումով եմ միշտ Արցախ գնացել, երբ մտել եմ Արցախ ու տեսել գրառումը՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», առանց պաթոսի կարող եմ ասել՝ միշտ հուզվել եմ ու միշտ պատրաստ եմ եղել համբուրել այդ հողը ու նման պարագայում, երբ ես հասկանում եմ, որ մենք կարող ենք կորցնել մեր հայրնեիքի մի կարևորագույն հատված, այդ դեպքում ես կարող եմ էմոցիոնալ բազմաթիվ արտահայտություններ անել», - նշեց ընդդիմության թեկնածուն: