14/06/2023 10:27
ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները
Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան:
Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները:
Նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի ՏԻՄ կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմն ըստ գոտիականության:
Կլինի նաև գույների ու ձևերի փոփոխություն: Գործող օրենսդրությամբ այդ գույնը կարմիր է: Վճարման առավելագույն չափերն օրենքով արդեն իսկ սահմանված են այսօր, երբ գոտիավորումը կիրականացվի, համայնքի ավագանու որոշմամբ կսահմանվեն տարբերությունները, թե որ դեպքում ինչ վճար կգանձվի: