14/06/2023 19:53
Եվրամիությունը մտադիր է սահմանափակել Կոսովոյի հետ ֆինանսական համագործակցությունը, դադարեցնել բարձր մակարդակի այցերը
ԵՄ մտադիր է սահմանափակել Կոսովոյի հետ ֆինանսական համագործակցությունը, դադարեցնել բարձր մակարդակի այցերը՝ Կոսովոյի կողմից իրավիճակի դեէսկալացիային միտված քայլեր չկատարելու պատճառով, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ ճեպազրույցի ժամանակ։
«Չնայած մեր կոչերին՝ վարչապետ Ալբին Կուրտին ի վիճակի չեղավ վճռական քայլեր ձեռնարկել՝ լարվածության նվազեցման համար։ ԵՄ մի շարք միջոցներ է նախապատրաստել, որոնք կարող են գործի դրվել անհապաղ»,- ասել է նա։
Այդ միջոցները, Ստանոյի խոսքով, նախատեսում են բարձր մակարդակով այցերի, շփումների, միջոցառումների, ինչպես նաև Կոսովոյի հետ ֆինանսական համագործակցության դադարեցում։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ-ն ավելի վաղ ինչպես Կոսովոյի, այնպես էլ Սերբիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ դեէսկալացիային չնպաստելը բացասական հետևանքներ կունենա նրանց համար։
Պետեր Ստանոն նշել է նաև, որ Կոսովոյի նկատմամբ իրականացվելիք քայլերը պատժամիջոցներ չեն և կարող են չեղարկվել, եթե Կոսովոյի իշխանություններն անեն իրենցից ակնկալվողը։ Ստանոն չի բացառել, որ սահմանափակումներ կիրառվեն նաև Սերբիայի նկատմամբ, եթե Սերբիան նույնպես շարունակի ոչինչ չձեռնարկել՝ իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։