14/06/2023 13:05
«Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է Հայաստանի համար. դա տարածքային պահանջ է. Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը վստահեցնում է` «Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է Հայաստանի համար:
«Սա ակնհայտ է, ընդունելի ու հասկանալի է այն կողմերի համար, ովքեր միջնորդում են բանակցություններում: Այնպես, ինչպես նկարագրվում է Ադրբեջանի կողմից` սուվերեն միջանցք ունենալ ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել, դա Հայաստանի համար չափազանց անընդունելի է ու Հայաստանը երբեք չի բանակցի սրա շուրջ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Խանդանյանի խոսքով` եթե Ադրբեջանը նույն տրամաբանությունն է դնում «Զանգեզուրի միջանցք» բառակապակցություն արտահայտելիս, ինչ նախկիում էր դնում, դա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ:
«Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահը այն ծավալով, որ ծավալով, որ Հայաստանի վարչապետն է խոսել փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, դեռևս չի խոսել, խոսքը մակերես նշելու մասին է», - նշեց նա: